ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետ Տ. Նավասարդյանը սխալ է հաշվարկել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու արդյունքում պատժաչափի կրճատումը։
Համաձայն այդ սխալ հաշվարկի, նշանակված պատժաչափը կրճատվել է 1/2-ով՝ երեք տարի մեկ ամիս մեկ օրով, որի արդյունքում վերջնական պատժաչափը կազմել է երեք տարի 10 ամիս 29 օր: Կայացված որոշման ստուգմամբ պարզվել է, որ հաշվարկը կատարվել է 2010 թվականի ապրիլի 30-ից` դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
Այս կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Ավետիսյանը այսօր՝ հունիսի 8-ին գրավոր միջնորդագիր է ներկայացրել Տ. Նավասարդյանին՝ օրենսդրությանը հակասող ակտը վերանայելու մասին:
Ըստ այդմ, նշվել է, որ «Համաներում հայտարարելու մասին» որոշումը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2009 թվականի հունիսի 19-ին, որը կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարած կամ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, մինչդեռ դատապարտյալ Ն. Փաշինյանը արգելանքի է վերցվել 2009 հուլիսի 1-ին, իսկ մեղսագրվող արարքը կատարել է մինչեւ համաներման ակտի ընդունումը, հետեւաբար դատարանի կողմից նշանակված եւ չկրած պատժի մասի հաշվարկը պետք է կատարվեր 2009 թվականի հուլիսի 1-ից, այն է` նշանակված եւ չկրած յոթ տարի ժամկետով ազատազրկումը «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 19.06.2009 թվականի որոշման 7-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով պետք է կրճատվեր կիսով չափ` երեք տարի վեց ամիս, իսկ վերջնական պատժաչափը կկազմեր` երեք տարի վեց ամիս:




























