Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ստամբուլում հայտարարել է, որ Հայաստանի կողմից մադրիդյան նորացված սկզբունքները չընդունելու դեպքում Ադրբեջանը կվերանայի իր մասնակցության հարցը ԼՂ բանակցային գործընթացին: «Հայաստանը այդպես էլ դեռ չի արտահայտել իր վերաբերմունքը նորացված մադրիդյան սկզբունքներին, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Այս իրավիճակում միջնորդ երկրները պետք է իրենց խոսքն ասեն: Ադրբեջանը տվել է իր սկզբունքային համաձայնությունը այդ սկզբունքների վերաբերյալ»,- ըստ «Ինտերֆաքսի», ասել է Ալիեւը:
«Այնտեղ կան մի քանի պահեր, որոնք մեզ չեն բավարարում, բայց դրանք կրում են տեխնիկական եւ խմբագրական բնույթ: Այդ սկզբունքներն արտահայտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, բռնի տեղահանվածների վերադարձի հարցերը: Հայաստանի կողմից պատասխան չկա եւ ես կարծում եմ, որ միջնորդ երկրները պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն: Մինչ ե՞րբ միջնորդներն ու Ադրբեջանը պետք է սպասեն պատասխանի»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Ալիեւը նաեւ ընդգծել է, որ Մադրիդյան նորացված սկզբունքները ներկայացված են երեք համանախագահների կողմից, եւ «ես հույս ունեմ, որ նրանք հարգանքով կվերաբերեն իրենց առաջարկություններին»:
«Հայաստանը վերջին ամիսներին զբաղված է վիժեցնող գործունեությամբ եւ դա պետք է ազդանշան լինի: Եթե մենք բոլորս շահագրգռված ենք բանակցությունները շարունակելով, ապա պետք է որոշակի քայլեր անենք»,- ասել է նա ու հավելել. «Եթե Հայաստանը շարունակի ժամանակ ձգել կամ ընդհանրապես հրաժարվել այդ սկզբունքներն ընդունելուց, ապա Ադրբեջանը լրջորեն կվերանայի բանակցային գործընթացում իր հետագա մասնակցության հեռանկարների հարցը: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ, քննարկում ենք զանազան տարբերակներ եւ ձգտելու ենք ամեն կերպ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:


























