Նախագահ Բարաք Օբաման եւս մեկ տարով երկարաձգել է Ջորջ Բուշի ստորագրած հրամանագիրը ԱՄՆ տարածքում Բելառուսի մի շարք պաշտոնյաների ունեցվածքի վրա դրված կալանքի մասին:
Բուշն այդ որոշումը կայացրել էր 2006թ. հունիսի 16-ին, եւ առ այսօր դրա գործողության ժամկետն ամեն տարի երկարացվում է: Պատժամիջոցների տակ են ընկնում անձինք, ովքեր «խաթարում են Բելառուսում ժողովրդավարական գործընթացները կամ հաստատությունները, խախտում մարդու իրավունքները, թաղված են կոռուպցիայի մեջ»:
Հատուկ 10 հոգանոց ցանկում ընդգրկված են Բելառուսի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, արդարադատության եւ ՆԳ նախարարները, ՊԱԿ-ի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ պետական հեռուստառադիոյի ղեկավարները:
Պատժամիջոցները տարածվում են նաեւ նրանց ընտանիքների անդամների եւ գործընկերների վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օբաման հայտարարել է, թե Բելառուսի կառավարության որոշ անդամների գործունեությունը վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար: «Ուստի ես երկարաձգում եմ հրամանի ժամկետը եւս մեկ տարով»,- ասել է նա:


























