Միջազգային հանրությունը պետք է վերջապես գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի սուբյեկտ, եւ ոչ թե օբյեկտ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը։
Նրա խոսքով, շատ սխալ է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Ղարաբաղի ապագայի շուրջ ընթացող բանակցություններին։ «Ես հասկանում եմ եւ համաձայն եմ Ղարաբաղի ժողովրդի հետ, որ նրանք այլեւս չեն կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, քանի որ Ադրբեջանի իշխանության օրոք Ղարաբաղում բնակվող հայերը շատ բաների միջով են անցել»,- ասել է Քոքսը՝ միաժամանակ ավելացնելով, որ Ղարաբաղն այս տարիների ընթացքում մեծ բացթողում է ունեցել։
Նրա համոզմամբ, աշխարհը տեղյակ չէ, թե ինչ է եղել ԼՂՀ-ում մարտական գործողությունների ընթացքում։ «Ի տարբերություն հայկական կողմի՝ Ադրբեջանը մեծ աղմուկ բարձրացրեց Խոջալուի շուրջ, չնայած Մարաղայում տեղի ունեցածն ավելի վատ էր։ Մարաղայում կատարվածը ոճիր էր մարդկության դեմ»,- նշել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակը՝ հիշելով, որ 1992 թվականի ապրիլի 10-ին ինքը եղել է Մարաղայում եւ տեսել է գլխատված ու վառված հայերի։ Բարոնուհի Քոքսն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է պատմի, թե ինչպես էր Ադրբեջանը կասետային ռումբ կիրառում Ղարաբաղի դեմ։ «Կոչ եմ անում հայկական կողմին զարթնել, պատմել աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ձեզ հետ 90-ականների սկզբներին։ Քարոզեք ձեր ճշմարտությունը. միջազգային հանրությունն այսօր հավատում է Ադրբեջանին»,- շեշետել է նա։
Քերոլայն Քոքսի կարծիքով, միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների անհաջող փորձ է կատարել եւ իրականացրել է հայերին Ղարաբաղից վտարելու մշակված քաղաքականություն։
Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակն ասել է, որ ողջունում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում հայկական կողմի ցուցաբերած պատրաստակամությունը։ Նրա կարծիքով, սակայն, այդ հարաբերությունների վերսկսումը Հայաստանի կողմից մեծ պարգեւ է Թուրքիային, մի երկրի, որը միշտ իրեն բնորոշ կերպարով է հանդես եկել։ «Պետք է ցույց տալ Թուրքիայի իրական դեմքը»,- համոզմունք է հայտնել բարոնուհի Քոքսը։
Նշենք, որ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Ղարաբաղ այցելել էր մայիսի վերջերին։ Դա նրա հոբելյանական 70-րդ այցն էր ԼՂՀ։


























