Հունիսի 8-ին եւ 9-ին Երեւանի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել խոտածածկ տարածքներում: Մասնավորապես` Արզումանյան 4 հասցեին հարակից տարածքում այրվել է 500 քմ մակերեսով խոտ եւ թփուտ, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրին հարակից տարածքում` 300, Հրազդանի կիրճում` 700, Ծովակալ Իսակովի 25 եւ 29 հասցեներին հարակից տարածքներում, համապատասխանաբար` 1200 եւ 500, Ռ. Մելիքյան 1 հասցեում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից այգում` 800, Սարի Թաղի թիվ 47 դպրոցին հարակից հատվածում` 500 քմ մակերեսներով խոտածածկ տարածքներ:
Հունիսի 8-ի երեկոյան նմանատիպ ահազանգ է ստացվել նաեւ Արմավիրի մարզից. Էջմիածին քաղաքի Սբ. Հռիփսիմե եկեղեցուն հարակից խոտածածկ տարածքում այրվել է 1000 քմ մակերեսով խոտ: Դեպքերի վայրեր են մեկնել մեկական, ընդհանուր թվով՝ ութ մարտական հաշվարկներ: Հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից:



























