«ԱրմենՏել» ՓԲԸ-ում կատարված չարաշահումներով վերաբերյալ Ազգային անվտանգության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել, սակայն գաղտնի է պահվում, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից, այս պահին նախաքննություն է ընթանում «ԱրմենՏել»-ի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում: Թե ով է մեղադրվում չարաշահումների համար, կամ թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, լրատվական ծառայությունը հրաժարվեց որեւէ լրացուցիչ տեղեկություն հաղորդել:
Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կլիմկոն հետախուզման մեջ է գտնվում 2014 թվականի փետրվարից։ Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն նույնիսկ ձերբակալված անձ կա: Մեր տեղեկություններով, նա նույնպես «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին աշխատակից է, ով ձերբակալվել է արտերկրում եւ ներկայում քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը:
Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, եւ շտապ լքեց Հայաստանը: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են:





























