Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 10-ին, ԱԻՆ-ի եւ Պետական կառավարման ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այն ստորագրել են ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

«Աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում մենք կարեւորում ենք ուսանողների ներգրավվածությունը: Վստահ եմ` միասին մենք շատ անելիքներ ունենք»,-ասել է Երիցյանը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորագրված հուշագրով կողմերը պարտավորվեցին պարբերաբար միմյանց տեղեկացնել եւ համատեղ քննարկել փոխգործակցության եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը, իրականացնել կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումներ, կազմակերպել երկու կողմերի փորձագետների եւ պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություններ, հանդիպումներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ եւ այլն:

Կառավարման ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանը նույնպես կարեւորել է համագործակցությունը. «Սա երկուստեք փոխշահավետ պայմանագիր է: Մենք ստեղծում ենք բոլոր նախադրյալները մեր ուսանողներին գործնական աշխատանքներում ներգրավելու համար»:

Հանդիպման ավարտին պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներն ԱԻ նախարարի ուղեկցությամբ շրջել են նախարարությունում, եղան աշխատասենյակներում, Ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալով դրա տեխնիկական հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին: