«Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը օտարալեզու դպրոցներ բացելու մասին որոշում ընդունելով պետք է ինքնալուծարվեր, քանի որ այսպիսով նախարարությունը խոստովանում է, որ չի կարողանում բավարար իրազեկ կրթություն ապահովել եւ ստիպված գնում է մասնավոր շերտի համար մասնավոր դպրոցներ ստեղծելու ճանապարհով»,- հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նա նաեւ նշեց, որ օտարալեզու դպրոցների ներդրմամբ  խորը անջրպետ է առաջանալու հայալեզու կրթությամբ այսպես կոչված հպատակների եւ օտարալեզու կրթությամբ ոչ հպատակների միջեւ, եւ այս երկու խավերի միջեւ հաղորդակցման, շփման խնդիրներ է առաջանալու։ Հրանուշ Խառատյանը կողմ է օտարալեզու դպրոցների ներդրմանը, սակայն մինչ այդ, ըստ նրա, հարկավոր է բարձրացնել հայկական դպրոցների մակարդակը եւ հանրային դպրոցներին կից ստեղծել օտար լեզուների ուսուցման կենտրոններ։

Հարցին՝ ո՞վ է օտարալեզու դպրոցների վերաբացման գաղափարի հեղինակը՝ հանրապետության նախագա՞հը, վարչապե՞տը,  թե՞ կրթության նախարարը, ազգագրագետը պատասխանեց, թե դժվարանում է պատասխանել։ Նա նշեց, որ եթե ԱԺ մուտք է արվում նման կարեւոր  որոշում, ապա պետք է որ այդ մասին իշխանության ամենաբարձր մակարդակի անձանց միջեւ գոնե բանավոր համաձայնություն կայացած կլինի։