Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի համաձայն, մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 58 անգամ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից, 7 օրվա ընթացքում հրաձգային զենքերից արձակվել է տարբեր տրամաչափի շուրջ 470 փամփուշտ: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել մայիսի 31-ին եւ հունիսի 2-ին` Մարտունու պաշտպանական հատվածի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից, որի ժամանակ, բացի «AK» տիպի ինքնաձիգերից, հակառակորդը կիրառել է «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներ: Ղարաբաղյան դիրքերի գնդակոծման փաստեր են արձանագրվել նաև շփման գոտու այլ հատվածներում:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Շաբաթվա ընթացքում առաջնային գծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:


























