Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան ավելի վաղ, քան խորհրդարանականը: Հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով, գործող ընտրական համակարգը չի կարող ապահովել Հայաստանի հասարակության եւ պետական քաղաքականության անվտանգությունը: «Այսօրվա ընտրական օրենսդրությունը թքած ունի ազգային արժեքների վրա»,-հայտարարեց Հակոբյանը՝ անվանելով այն բոնապարտական եւ հավելելով, որ իրավիճակը պահանջում է անհապաղ մշակել նոր ընտրական համակարգ: «Մենք չենք կարողանում խուսափել քաղաքական եւ սոցիալական աղետներից: Իշխանությունն այսօր հիմարների ձեռքին է, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի հաջորդ ընտրությունները քաղաքացիական պատերազմի հանգեցնեն»,- համոզված է Հակոբյանը:
Մարքսիստը ներկայացրեց մի քանի առաջարկներ, որոնք, իր կարծիքով, կարող են դառնալ նոր իրավունքի հիմք:
Առաջինը, ըստ նրա, պետք է հանել նախագահի թեկնածու գրանցվելու համար մուծվող գումարը: Քաղաքացիությունից զրկել այն մարդկանց, ովքեր ունեն ընտրելու իրավունք, սակայն չեն ընտրում: Սահմանափակել գրանցվող կուսակցությունների քանակը եւ պարտադիր դարձնել հստակ արտահայտված գաղափարախոսության առկայությունը, երկրի նախագահի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոններում հայտնվելու համար հանձնել հատուկ թեստեր՝ ինտելեկտուալ մակարդակը ստուգելու համար:
Նա նաեւ նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել նախնական ընտրությունների ինստիտուտ:
«Այն, ինչ եղել է Ռոբին Հուդի ժամանակ, չի կարող արդարացվել այսօր»,-հավելեց Հակոբյանը:


























