NEWS.am-ն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Սլովակիայի Ազգային խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հոդվածը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին: Միկլոշկոն խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացրել ԼՂՀ-ում եւ դրանից հետո persona-non-grata հայտարարվել Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Հոդվածը հրապարակվել Սլովակիայի հայտնի «Tyzden» (Տիժդեն) պարբերականում:

«Ավետյաց Երկիր»

«Ջրերը հոսում էին եւ վերադառնում հողին, եւ 150 օր հետո ջրերը պակասեցին: 7-րդ ամսին, ամսվա 17-րդ օրը, Տապանը կանգնեց Արարատի գագաթին: Ջրերը գնալով քչանում էին մինչեւ 10-րդ ամիսը: 10-րդ ամսվա առաջին օրը հայտնվեցին սարերի գագաթները» /Աստվածաշունչ, 1Մ 8,3-5/:

Անցյալ օրերս այցելեցի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Երբ մարդ Երեւանում որեւէ բարձր կետից իր շուրջն է նայում, անպայման մի կողմի վրա տեսնում է Փոքր եւ Մեծ Արարատները: Բոլոր կողմերից այս քաղաքը շրջապատված է 3-4 հազար մ. բարձրության սարերի գագաթներով: Եվ մարդ հստակ հասկանում է, որ Աստվածաշնչի առաջին գիրքը որոշ բաներ շատ ճշգրիտ է նկարագրում:

Այս հողերից մարդկությունը երկրորդ անգամ սկսել է իր ուխտագնացությունը, եւ այս հողերի վրա է հնչել Աստծո խոստումը. «Այլեւս երբեք չեմ անիծի երկիրը, հանուն  մարդկության»:

Հայաստանում քրիստոնեությունը ստացավ ազատություն եւ դարձավ պետական կրոն 301թ-ին, այսինքն 12 տարի ավելի շուտ քան արեւմուտքում: Դա կատարեց Տրդատ Մեծ թագավորը, Գրիգոր Լուսավորչի հրաշագործության եւ մկրտության շնորհիվ: Հայկական այբուբենը (36 տառ) ստեղծվեց 405թ.-ին, որը կազմեց հայ վանական, աստվածաբան եւ լեզվաբան սուրբ Մեսրոպ Մաշտոցը:

Հայաստանը լեռնային երկիր է` ծածկված վանքերով եւ եկեղեցիներով: Հայերը գիտակցում են իրենց այս հին պատմության ու մշակույթի արժեքը: Հպարտ  եւ ամբողջ իրենց պատմության մեջ փորձությունների ենթարկված ազգ են:

Եթե Հայաստանը գեղեցիկ լեռնային երկիր է, ապա Լեռնային Ղարաբաղը իր սարերով, կանաչով, լայն հովիտներով եւ կիրճերով ընկալվում է որպես «Ավետյաց Երկիր»: Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը 301 թ.-ին, իսկ Լեռնային Ղարաբաղում  գտնվում է առաջին դարի եկեղեցի, որն ըստ ավանդույթի՝ կառուցել է Բարդուղիմեոս առաքյալը (վերջինս գործում էր Հայաստանում եւ այստեղ էլ նա ենթարկվեց տանջանքների):

2010 թ-ի մայիսի 23-ին Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որպես դիտորդ, մասնակցեցի Լեռնային Ղարաբաղի 5-րդ խորհրդարանական ընտրություններին: ԼՂՀ-ն ԽՍՀՄ-ի ժամանակ ինքնավար հանրապետություն էր Ադրբեջանական ԽՍՀ  շրջանակներում (պատմական Հայաստանի հողերի վրա): Երբ ԽՍՀՄ-ը փլվեց, 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ն հանրաքվե կազմակերպեց եւ անկախություն հայտարարեց: Այնուհետեւ 1991-1994թթ. պատերազմ տեղի ունեցավ. Ադրբեջանը հարձակվեց ԼՂՀ-ի եւ Հայաստանի վրա: Այսօր ԼՂՀ-ում բնակվում է 138 հազար բնակիչ՝ հայեր: ԼՂՀ-ը դե-ֆակտո անկախ հանրապետություն է, դե-յուրե նրան դեռ ոչ ոք չի ճանաչել:

Ընտրություններին մասնակցեց 28 դիտորդ Ռուսաստանից (նրանցից ամենահայտնին Կ.Ֆ. Զատուլինն է, ՌԴ պետդումայի պատգամավոր, Պուտինի կուսակցությունից, Հայաստանի եւ ԼՂՀ  երկար տարիների բարեկամ), 16 դիտորդ Եվրոպայից, 9-ը Աբխազիայից, Հարավային Օսիայից,  Մերձդնեստրից, 7-ը Կանադայից, ԱՄՆ-ից եւ Հարավային Ամերիկայից, 4-ը Իրանից: Արդեն մեկ օր ընտրություններից առաջ մեզ հայտնեցին, որ բոլոր 63 հոգով, ընտրություններին մասնակցելու համար, հայտնվել ենք Ադրբեջանի «սեւ ցուցակում» /հայտարարվել ենք  «persona non grata»):

ԼՂՀ-ում ընտրություններին իմ մասնակցությունը եւ այնտեղ հայտնվելն ու ոչ վաղ անցյալում Ադրբեջանի հետ կայացած պատերազմի հետ շփումը լրիվ նոր զգացողություն տվեց իմ քաղաքական ընկալումներին: Մենք  այցելեցինք տարբեր ընտրաշրջաններն, անցանք տարբեր քաղաքներ ու գյուղեր, նաեւ այցելեցինք անցյալում հայտնի քաղաք Աղդամը. ավելի քան 20 հազարանոց քաղաք, ամբողջովին ռմբակոծված, դատարկված, մեկումեջ հանդիպող անասուններով կամ անտուններով:

Ընտրատարածքների կենտրոնները տեղավորված էին, ինչպես ցանկացած ուրիշ տեղ` մշակութային կենտրոններում եւ դպրոցներում: Գրեթե բոլոր մեր այցելած դպրոցներում պատերին երիտասարդ տղամարդկանց եւ կանանց սեւ ու սպիտակ լուսանկարներ կային, որոնք այդտեղ ժամանակին սովորել էին եւ, որոնք վերջին պատերազմում զոհվեցին: Նույնքան տպավորիչ էր իմ հանդիպումը ԼՂՀ-ի քաղաքական գործիչների եւ պաշտոնական ներկայացուցիչների հետ, որոնք հիմնականում պատերազմի մասնակիցներ էին: ԼՂՀ-ի պաշտպանության նախարար Մովսես Հրանտի Հակոբյանն` իր պաշտոնական հագուստով շատ տպավորիչ եւ արտակարգ համեստ մարդը, իրականում պատերազմի մասնակից ու ազգային հերոս է:

ԼՂՀ-ի գլխավոր դատախազ Արշավիր Սուրենի Ղահրամանյանը` բանակի գեներալ, ԼՂՀ-ի ազգային հերոս: Նա եղել է գերության մեջ` Ադրբեջանում, հետո փոխանակվել ադրբեջանցի 42 սպաների եւ զինվորների հետ: Նա նույնպես ԼՂՀ-ի ազգային հերոս է ու համեստության տիպար: Իսկ այ ԼՂՀ-ի հայոց եկեղեցու արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը զենքը ձեռքին կռվել է պատերազմի ժամանակ, եւ այսօր նույնպես ազգային հերոս է: Այս մարդկանց, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահի  եւ կառավարության անդամների գոյության օրինականությունը հաստատվում է ոչ միայն ընտրություններով, այլ նաեւ այն փաստով, որ նրանք նայել են մահվան դեմքին, պայքարել հայրենիքի փրկության համար  ու պատրաստ եղել իրենց կյանքը տալու հանուն այդ փրկությանը:

Ընտրությունների նախորդ երեկոն ԼՂՀ-ում երկու իրադարձություն տեղի ունեցավ. Եվրոպայի խորհրդարանը ընդունեց Բուլղարիայի պատգամավորի առաջարկը, որ ԼՂՀ-ն վերադարձվի Ադրբեջանին: Այս որոշումը, ամենալավ դեպքում, կարելի է համարել անիրավ:

Հայաստանում 2 հազար մ. բարձրության վրա տեղավորված է Սեւանա լիճը: Նրա մոտ գտնվում է 4-րդ դարի քրիստոնեական գերեզմանոց` ավելի քան 2 հազար յուրահատուկ խաչքարերով: Նրանցից  մի քանիսը Փարիզյան Լուվրում ցուցահանդեսի են ներկայացվել: Նույնպիսի գերեզմանոց 4-րդ դարից, բայց  մոտավորապես 6 հազար յուրահատուկ խաչքարերով գտնվում էր Նախիջեւանում, որի տարածքն այսօր պատկանում է Ադրբեջանին: Կարծեմ 2005թ-ին էր, ադրբեջանցիք բոլոր այդ խաչքարերը ջարդեցին, լցրեցին վագոնները եւ հեռացրեցին: Այսօր այս գերեզմանոցի տեղը դատարկ տարածք է: Եվրոպայի խորհրդարանը  երեւի ուզում է կանաչ լույս վառել նաեւ ԼՂՀ-ի հայկական հնադարյան մշակույթի այսպիսի ապագայի համար:

Ընտրություններից մեկ օր առաջ ԼՂՀ-ի ԱԳՆ եւս մեկ լուր եկավ Բրյուսելից: Եվրոպական Միության ԱԳ նախարար բարոնուհի Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե ԵՄ չի ընդունում ԼՂՀ-ի ընտրությունները: Ընտրությունների ավարտից հետո 63 անկախ դիտորդ հայտարարություն ստորագրեցին, որ ԼՂՀ-ի ընտրությունները խաղաղ, ազատ եւ ժողովրդավարական էին ու բոլոր միջազգային նորմերին եւ պահանջներին համապատասխան: Ես ավելացնեմ, որ ընտրություններին ժողովրդի 71 տոկոսի մասնակցությունը այն տպավորությունը թողեց իմ վրա, որ նորից ԼՂՀ-ի անկախության հանրաքվե տեղի ունեցավ:

ԼՂՀ-ն հանդուրժողական եւ ժողովրդավարական երկիր է, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, որտեղ վերջերս խորհրդարանը սահմանադրական օրենք ընդունեց  Ալիեւին ցմահ  իշխանության մանդատ տալու մասին:

Իմ՝ ԼՂՀ-ում մնալու ընթացքում այն տպավորությունը ստացա, որ ԼՂՀ-ի պրոբլեմը ի վերջո Եվրամիության պրոբլեմն է: 138 հազար ԼՂՀ բնակիչ անելանելի վիճակում պաշտպանում է իր քրիստոնեական քաղաքակրթությունը, պատմությունը, իր հոգեւոր եւ ֆիզիկական էությունը: ԼՂՀ-ն այսօր գոյություն ունի հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանորդների շնորհիվ, որոնք կազմում են այսպես կոչված Մինսկի խումբը եւ փնտրում լուծում: ԼՂՀ-ն գույություն ունի նաեւ Հայաստանում եւ ԼՂՀ-ում ապրող հայերի շնորհիվ, որոնք պատրաստ են պատերազմով պաշտպանել ԼՂՀ-ն՝ շատ ավելի մեծ, բայց զորապես ավելի թույլ Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում: 1938թ-ին Եվրոպայի գերհզոր երկրները Չեխիայի ու Սլովակիայի տարածքները հանձնեցին Հիտլերին` մտածելով, որ այդ ճանապարհով կփրկեն խաղաղությունը Եվրոպայում: Իրականում ո՛չ խաղաղությունը փրկեցին, ո՛չ էլ իրենք իրենց: Եթե ԵՄ բաց թողնի ձեռքից փոքրիկ ԼՂՀ-ն եւ նրա քրիստոնեական քաղաքակրթությունը փրկելու հնարավորությունը` թույլ տալով, որ այստեղ հաղթանակի օտարի քաղաքակրթությունը, անկասկած նույնը պատահելու է իրեն` ԵՄ-ին: Քրիստոնեական Եվրոպան այսօր մի շղթա է ներկայացնում, որի գոյությունը որոշվելու է ի վերջո իր ամենաթույլ օղակով. այդ օղակը ԼՂՀ-ն է:

Լինել Հայաստանում եւ չտեսնել Արարատը, դա նույն բանն է, ինչպես լինել Հռոմում եւ չտեսնել Սուրբ Հորը (Հռոմի Պապին): Պուշկինը 23 օր ճանապարհորդեց Երեւան եւ 7 օր սպասեց, որ Արարատը տեսնի: Երբ չստացվեց, նա ասեց. «Արարատ, 7 օր սպասեցի, որ դեմքդ տեսնեմ: Ափսոս, որ դու այն թաքցրեցիր, բայց փոխարենը դու գոնե իմ դեմքը տեսար»:

Ես Պուշկինը չեմ եւ միգուցե դրա համար վերջին երեկոն, Էջմիածին այցելելուց հետո, որտեղ ինձ օրհնեց գերապատիվ Վեհափառը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, ինձ տրվեց այս վերջին երջանկությունը վայելելու հնարավորությունը. արեւամուտի ժամանակ հանկարծ բացվեց Արարատը եւ ես կարողացա ականատես լինել այս փառահեղ լեռան աննման գեղեցկությանը, որն այլեւս չեմ մոռանա իմ ողջ կյանքում: