Եթե 15 օտարալեզու դպրոց բացելով հայ ազգը, որպես էթնոս, պիտի պարտվի, ուրեմն թող պարտվի, ուրեմն մենք փխրուն ազգ ենք՝ հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը՝ միաժամանակ հավելելով, որ կողմ է օտարալեզու դպրոցների ներդրմանը, բայց մի պայմանով, որ դրանք չհիմնվեն հայալեզու դպրոցների փլատակների վրա։ Նա ամենեւին էլ համաձայն չէ այն փաստարկների հետ, թե օտարալեզու դպրոցներ բացելով վտանգի տակ է դրվում հայ ինքնությունը։ Նման մոտեցումը Իգիթյանը վիրավորական է համարում, «քանի որ ինձ մի պահ թվաց, որ հայերը մոռացել են, որ մենք նոր չենք աշխարհ եկել»:
«Մենք հինգ հազար տարվա պատմություն ունենք, հին ազգ ենք, բայց հո պառավ չե՞նք»,-նկատեց Իգիթյանը՝ հավելելով. «Վերջին 20 տարիների ընթացքում մենք մեր հզոր էթնոսի տակն ենք քանդում մեր կասկածելի հայրենասիրությամբ։ Երբ հայրենասիրության մասին սկսում են շատ խոսել, ուրեմն հասարակությունը հիվանդ է։ Սա խոսելու, քննարկելու նյութ չի»:
Ավագանու անդամը այս համատեքստում հիշեցրեց Արցախյան պատերազմի տարիները՝ մասնավորապես ընդգծելով. «Երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, մենք գործ ունեինք մի ցեղի հետ, որը շատ պրիմիտիվ, մոգոնած ցեղ է։ Կրթություն ստացած հայը ստիպված եղավ այդ անկիրթ ցեղի հետ խոսելու համար իջնել, հասնել նրա մակարդակին, խոսել ստորին՝ արյան լեզվով եւ հաղթել։ Հաղթեցին, բայց մոռացան նորից վերադառնալ իրենց նախկին բարձր նիշին։ Մոռացան, թե իրենք որտեղից իջան»,-ասաց Իգիթյանը։
Նրա խոսքով՝ օտարալեզու դպրոցներ բացելուց առաջ պետք է հասարակության բարոյահոգեբանական վիճակը կարգի բերել. «Եթե մենք մեր հասարակության բարոյական, հոգեւոր կլիման կարգի բերենք, մենք խնդիր չենք ունենա բացել աշխարհի դուռը։ Մենք պինդ ազգ ենք, մեր հախից գալն այդքան հեշտ գործ չի՝15 օտարալեզու դպրոց բացելով։ Եթե մենք անընդհատ փակվենք, կսկսվի նեխման պրոցես»,-ընդգծեց Իգիթյանը։
Նշենք, որ Լեւոն Իգիթյանը ռուսական դպրոց է ավարտել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շատ գոհ է իր ստացած կրթությունից, սակայն կցանկանար, որ իր սկզբնական կրթությունը լիներ հայերեն լեզվով։ Նա նաեւ խոստովանեց, որ չի կարողանում հայերենով վարժ կարդալ։


























