18-ամյա բրիտանացու բախտը բերել է: Նրա նավակը շրջվել է ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, սակայն նա հասցրել է բջջային հեռախոսի օգնությամբ Facebook-ում հաղորդագրություն թողնել: Օգնության կանչը կարդացել է երիտասարդի ընկերը, ով անմիջապես զանգահարել է տղայի հարազատներին, հաղորդում է Mirror-ը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ծովափնյա Քորնոուլ կոմսության Միվագիսի գյուղի մոտակայքում: Չնայած ամառային եղանակին, տեղական ծովածոցում ջերմաստիճանը կազմում է ընդամենը 15-16 աստիճան: Երիտասարդը նավակով զբոսնելու է դուրս եկել եւ ափից բավականաչափ հեռացել: Եվ բախտը բերել է, որ իր հետ վերցրել է բջջային հեռախոսը, հաղորդում է Vesti.ru-ն:
Մի պահ երիտասարդը կորցրել է հավասարակշռությունը եւ նավակը շրջվել է: Ուժերի վերջին գերլարումով նա Facebook stranded («ես աղետի մեջ եմ») գրառումն է արել:
Երիտասարդի բախտը բերել է, որ այդ պահին իր ընկերը օնլայն է եղել: Տեսնելով հաղորդագրությունը՝ նա անմիջապես զանգահարել է բրիտանացու մորը, իսկ վերջինս, իր հերթին՝ փրկարար ծառայությանը: Արտակարգ ծառայության ներկայացուցիչները սկսել են տուժածի որոնումները: Խեղդվող երիտասարդը հայտնաբերվել էր հաղորդագրությունն ուղարկելուց 2 ժամ անց: Հիվանդանոցից հաղորդում են, որ այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:





























