Ամերիկյան Լոգան քաղաքում (Յուտա նահանգ) ԱՄՆ ազգային գվարդիայի զինվորը երկու մարդ է սպանել եւ ինքնասպան եղել: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Ոստիկանության տվյալներով, 23-ամյա Ջարեդ Թոլմանը գիշերը ներխուժել է բնակարան եւ հրազենից արձակված կրակոցներով սպանել 19-ամյա աղջկա եւ 25-ամյա տղամարդու: Այնուհետեւ նա ուղղվել է դեպի մեկ այլ տուն, որտեղ եւս մեկ տղամարդ է բնակվել, սակայն նրան այնտեղ չի գտել եւ ինքնասպան է եղել:
Սպանությունից առաջ Թոլմանն աղջկան մի քանի SMS հաղորդագրություն է ուղարկել, սակայն դրանց բովանդակությունն անհայտ է: Նա մահից առաջ նաեւ գրություն է թողել, որում դիմել է իր ծնողներին:
Իրավապահները նաեւ տեղեկություններ չունեն, թե Թոլմանն ինչ հարաբերություններ է ունեցել աղջկա հետ:
Նշվում է, որ 2009 թվականին ազգային գվարդիայի շարքերն անցնելուց ի վեր Ջարեդ Թոլմանը կարգապահական տույժի չի ենթարկվել:































