Իսրայելական զինուժի կողմից Գազայի հատված օգնություն տանող Mavi Marmara նավի դեմ իրականացված գործողություններից հետո առաջացած լարվածությունը ստիպել է Իսրայելի քաղաքացիներին հրաժարվել ամռանը իրենց հանգիստը Թուրքիայում անցկացնելուց։
Թուրքական Stratejıkboyut-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Բեն Էլիզերը նշել է, որ Թուրքիայում Իսրայելի դրոշի այրելու տեսարանները հեռուստացույցով տեսնելուց հետո Իսրայելի քաղաքացիները հրաժարվել են Թուրքիայում ծրագրած իրենց հանգստից։
Ըստ Իսրայելի ճամփորդական գործակալությունների միության նախագահ Յոսսի Ֆատաելի՝ Իսրայելի 150 հազար քաղաքացիներից 100 հազարը հրաժարվել են Թուրքիայի հյուրանոցներում նախօրոք իրենց կատարած ամրագրումներից։
Նշենք, որ իսրայելական զինուժի կողմից Գազա ընթացող նավերի նկատմամբ իրականացրած գործողություններից հետո Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել իր երկրի քաղաքացիներին՝ զերծ մնալ Թուրքիա այցելելուց։ Իր հերթին Իսրայելի իշխանությունները երկրի զինվորականներին արգելել են այցելել Թուրքիա։



























