ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության» տնօրենի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետությանը էական վնաս պատճառելու փաստի առթիվ:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 1 հատուկ դպրոցի» տնօրեն Նորա Բաղդասարյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, եւ 2006թ. եւ 2007թ. 1-ին կիսամյակում ՀՀ կառավարության՝ 2005թ. օգոստոսի 5-ի թիվ 1365 որոշմամբ ու ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ծախսերի կողմնորոշիչ չափաքանակների նորմաներից երեխաների սննդի համար ավել է հաշվարկել եւ վճարել 5 միլիոն 643,2 հազար դրամ, ինչով էական վնաս է պատճառել պետական կազմակերպությանը:
Նորա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:



















