NEWS.am-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
-Պրն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում Բաքու-Վաշինգտոն հարաբերությունների վերջին շրջանի սերտացումը՝ Վաշինգտոն-Թուրքիա հարաբերությունների սառեցման ֆոնին։
-Այդ մերձեցումը ինձ համար սպասելի էր։ Նշեմ, որ մինչ այդ նշմարվեց Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ջերմացում, այն դեպքում, երբ էապես փչացան Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները։ Դա պայմանավորված է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի հավակնոտ եւ սադրիչ գործողություններով։ Եւ ահա այս իրավիճակում, երբ Թուրքիան փորձ է անում ստանձնել նոր դեր իսլամական աշխարհում, եւ փորձում է այդ դերում ամրապնդվել՝ Իսրայելի հետ հարաբերությունների սրման միջոցով, իր ազդեցությունն ունեցավ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություների վրա եւ այս պայմաններում բնական է, որ ԱՄՆ-ը պետք է ձգտեր Ադրբեջանի հետ բարելավել հարաբերությունները՝ այսպիսով փոխհատուցելով Թուրքիայի հետ իր հարաբերությունների սառեցումը։ Մյուս կողմից Ադրբեջանը, որը հույսեր էր ներշնչում Ռուսաստանին, որ կհրաժարվի «Նաբուկո» ծրագրում իր մասնակցությունից, այնուամենայնիվ գնաց այդ ծրագրի իրականացման ճանապարհին վճռորոշ քայլերի՝ ստեղծելով նախադրյալներ դրա լիարժեք իրականացման համար։ Սա նպաստեց Բաքու-ԱՄՆ հարաբերությունների ջերմացմանը։ Արեւմուտքի, եւ առաջին հերթին ԱՄՆ-ի համար այն մոտեցումը, որը որդեգրել են Թուրքիան եւ Ադրբեջանը՝ «Մեկ ազգ երկու պետություն», խորթ են ու չափազանց կասկածելի։ Ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ առաջին հերթին ԱՄՆ-ը, որոնք ունեն եզակի դերակատարություն ժամանակակից աշխարհակարգում, ձգտում են այնուամենայնիվ անջատել Թուրքիան եւ Ադրբեջանը եւ առանձին կառուցել իրենց հարաբերությունները այդ երկու պետությունների հետ։ Պետք է հասկանալ, որ իրավիճակը այնքան էլ միանշանակ չէ, որովհետեւ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան ձգտում են օգտագործել Արեւմուտքի, Ռուսաստանի գործոնը՝ իրենց սեփական նպատակներն առաջ մղելու համար եւ ամենեւին էլ մտադիր չեն տրվել Վաշինգտոնի եւ Արեւմուտքի շահերի սպասարկմանը։ Հենց Թուրքիան է խորհուրդ տալիս Ադրբեջանին՝ սերտացնել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ ընդգծելով սեփական անկախ, ինքնուրույն գործելակերպը եւ դրանով փորձելով նվաճել հեղինակություն իսլամական աշխարհում։ Թուրքիան այսօր ձգտում է խոսել Արեւմուտքի հետ՝ իբրեւ հավասարը հավասարի հետ, եւ այդ նպատակով փորձում է խաղարկել իսլամական խաղաքարտը։ Սա հղի է վտանգով, քանի որ կարող է իրականանալ Սեմուել Հանդինգտոնի կանխատեսումը՝քաղաքակրթությունների բախման մասին։ Այսօր արդեն քաղաքակրթությունների առճակատումն անցել է Իսրայել-Թուրքիա սահմանագծով, եւ կարծում եմ, որ սա լուրջ մարտահրավեր է, քանի որ Թուրքիան իր ամբիցիոզ ծրագրերի իրականացման համար պատրաստ է ճչացող սադրանքների գնալ եւ գրգռել իսլամական աշխարհին ընդդեմ Իսրայելի եւ ընդդեմ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի քաղաքականության։
-Իսկ հնարավո՞ր է, որ ամերիկա-ադրբեջանական մերձեցումը միտված է նրան, որպեսզի ԱՄՆ-ը իր ռազմական բազաները տեղակայի Ադրբեջանում։ Դուք նման հեռանկար տեսնո՞ւմ եք։
-Մի իրավիճակում, երբ Իրանը շարունակում է պնդել իր արմատական դիրքորոշումը, թե՛ սեփական միջուկային ծրագրերի իրականացման հարցում, թե՛ արմատական իսլամական ուժերին հովանավորելու հարցում, եւ շարունակում է իր հակաարեւմտյան հռետորաբանությունը, Իսրայելի նկատմամբ թշնամական քարոզները, ԱՄՆ-ը բնականաբար ցանկանում է Ղարաբաղյան հարցի կարգավորման պատրվակով սեփական վերահսկողության տակ վերցնել Իրանի սահմանը։ Այն բուֆերային գոտին, որը նաեւ անվանվում է անվտանգության գոտի։ Այսինքն, այդ ծրագիրը այսօր չէ, որ ԱՄՆ-ը ունի, եւ այսօր չէ, որ ԱՄՆ-ը ձգտում է վերահսկել Իրանի հետ սահմանակից բուֆերային գոտին։ Այդ գոտին վերահսկելու խնդիրը վաղուց է ծառացած ԱՄՆ-ի առաջ։ Եւ եթե ԱՄՆ-ը այսօր կողմ է արտահայտվում ԼՂ հարցի շուտափույթ կարգավորմանը, ապա դա անում է հենց այս նպատակով՝ որպեսզի ժամ առաջ կարողանա սեփական վերահսկողության տակ վերցնել Իրանի հետ սահմանը։ Միայն այդ առումով է ԱՄՆ-ին հետաքրքիր ազատագրված տարածքների հարցի լուծումը եւ այստեղ է, որ Սերժ Սարգսյանը գալիս է այդ հարցում օգնելու, ասելով, որ եթե Ադրբեջանի հետ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը շոշափելի դառնա, ինքը կդիմի ՆԱՏՕ-ին՝ առաջարկելով անվտանգություն ապահովել տարածաշրջանում։ Հենց այս նպատակով էլ կարող են տեղակայվել ռազմական բազա եւ խաղաղարար ուժեր։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատրաստակամությանը՝ առաջարկել ԱՄՆ-ին ռազմական բազաներ տեղակայել իր տարածքում, ապա այսօր մի կողմից Ադրբեջանի եւ Իրանի, մյուս կողմից Թուրքիայի եւ Իրանի մերձեցման պայմաններում նման հեռանկարը քիչ հավանական է։ Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են իրենց վերահսկողության տակ վերադարձնել ազատագրված տարածքները։ Այնպես, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ամեն ինչ կանի, որպեսզի անվտանգության գոտին հանձնվի Ադրբեջանի սուվերեն վերահսկողությանը։ Եթե դա չլիներ, Իրանը չէր համաձայնի ԼՂ հարցի լուծման արագացման ծրագրի հետ եւ ինքը չէր առաջարկի սեփական միջնորդությունը՝ հրաժարվելով այն մոտեցումներից, որոնք որդեգրել է ետպատերազմյան 16 տարիների ընթացքում։ Իրանը հետեւողականորեն արտահայտվում էր ի օգուտ ռազմաքաղաքական ստատուս-քվոյի պահպանման եւ դեմ էր, որպեսզի ազատագրված տարածքները հայկական ուժերի վերահսկողությունից փոխանցվեն այլ ուժերի վերահսկողությանը՝ համոզված չլիենելով, որ Ադրբեջանը չի համաձայնի, որպեսզի այնտեղ տեղակայվեն միջազգային խաղաղար ուժեր՝ ՆԱՏՕ, արեւմտյան ուժեր։ Իսկ հիմա Իրանը 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը եւ արտահայտվում է ի օգուտ ազատագրված տարածքների հարցի լուծման։ Սրա հիմքում ընկած է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ այն պայմանավորվածությունը, որին նրանք հանգել են ֆուտբոլային դիվանագիտության իրականացման մեկուկես տարվա ընթացքում։ Դրա իմաստն այն երաշխիքներն են, որոնք տվել են Թուրքիան եւ Ադրբեջանը Իրանին, որ եթե ազատագրված տարածքները հանձնվեն Ադրբեջանին, այդ դեպքում Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնի իր սուվերեն վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ։
-Պրն Հովհաննիսյան, նախօրեին Ադրբեջանը ընդունել է ռազմական դոկտրին։ Ըստ ընդունված փաստաթղթի, չնայած չի թույլատրվում երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայան տեղակայել, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխանություններին իրավունք է վերապահվում ժամանակավորապես օտարերկրյա զինուժ տեղակայելու մասին որոշում ընդունել, եթե դա պահանջում է երկրի շահը։ Կարող ենք, ասել, որ «Օտարերկրյա զինուժ» ասվածի տակ նկատի են առնվում հենց ԱՄՆ ուժերը։
-Կարծում եմ, սա որոշակի փորձ է՝ ցույց տալու ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Իրանին սեփական հնարավորությունները։ Ըստ էության, Ադրբեջանն այսօր փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պահանջելով, որպեսզի ՌԴ-ն ստիպի Հայաստանին՝ վերադարձնել ազատագրված տարածքները։ Եւ քանի որ հարցը ձգձգվում է, Ադրբեջանը «Նաբուկո» ծրագրին գնաց ընդառաջ։ Մյուս կողմից, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը նման ակնարկ անի իր ռազմական դոկտրինում՝ փորձելով «դամոկլյան սուրը» կախել Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի գլխին, դրանով իսկ ավելի սեղմելով Հայաստանի շուրջ առանց այդ էլ սեղմվող օղակը։ Ահա այստեղ է, որ Բրյուսելում Սերժ Սարգսյանը պետք է ձեռքը խփեր սեղանին՝ ասելով, որ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական գործողությունները վերսկսելու մասին հայտարարությունները, Հայաստանը կտրուկ հարց կբարձրացնի ՌԴ-ի առջեւ՝ կատարելու պետական պարտավորությունները Հայաստանի առջեւ, որոնք բխում են ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցությունից, Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի առկայությունից, որպեսզի Հայաստան մատակարարվեն ամենաժամանակակից զենքեր՝ դիմակայելու Ադրբեջանի ռազմական ագրեսիային։
Զրուցեց՝ Հեղինե Մանուկյանը

























