Հայաստանի կառավարությունում հունիսի 9-ին տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք 16-րդ հայտը։ Համաձայն հայտի՝ 2010 թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 25 մլն 46 հազար ԱՄՆ դոլար։
Այն գրեթե ամբողջությամբ ուղղվելու է ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների իրականացմանը, մնացած մասը՝ մոնիթորինգին, գնահատմանն ու ծրագրի կառավարմանը եւ վերահսկողությանը։
Քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կեղծիքի եւ կոռուպցիայի կանխման, բացահայտման եւ վերացման ծրագիրը՝ կառավարման խորհուրդը լիազորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին հաստատել կեղծիքի եւ կոռուպցիայի կանխման, բացահայտման եւ վերացման հանձնաժողովի կազմը։


























