Apple կորպորացիան համաձայնել է 450 մլն դոլար վճարել էլեկտրոնային գրքերի գները սահմանելու նպատակով ԱՄՆ խոշորագույն հինգ գրահրատարակիչների հետ դավադրության վերաբերյալ հայցի շրջանակում:

Այդ գումարից 400 մլն դոլարը տրամադրվելու է օգտատերերին փոխհատուցելու նպատակով, եւս 50 միլիոնը՝ իրավաբանների հոնորարների համար: Սակայն Apple-ի կողմից այս պայմանների կատարումը կախված է Նյու Յորքի վերաքննիչ դատարանի որոշումից, որը կարող է տուգանքի չափը կա՛մ նվազեցնել մինչեւ 70 մլն դոլարի, կա՛մ ընդհանրապես չեղյալ հայտարարել վճիռը: Այս մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Apple կորպորացիայի եւ Harper Collins, Simon & Schuster, Hachette, Macmillan եւ Penguin հրատարակությունների դեմ դատական հայց էր ներկայացրել՝ նրանց մեղադրելով Apple iBookstore առցանց-խանութներում էլեկտրոնային գրքերի գներ սահմանելու հարցում դավադիր գործարք կատարելու մեջ: Անցյալ տարի դատարանը վճռել էր, որ Apple-ն այդ դավադրության արդյունքում խախտել է հակամենաշնորհային օրենսդրությունը:

Եթե անգամ Apple-ը վճարի ամբողջ 450 մլն դոլարը, այդ կկազմի անցած ֆինանսական տարվա շահույթի ընդամենը շուրջ 1%-ը: Ավելի վաղ գրահրատարակիչները նույն հայցի շրջանակում որպես էլեկտրոնային գրքերի գնորդներին փոխհատուցում 166 մլն դոլար էին վճարել: