Apple-ի iWatch «խելացի» ժամացույցները թողարկվելու են երեք տարբերակով: Առաջին տարբերակն ունենալու է 1.6 դյույմ տրամագծով էկրան, մյուս երկու տարբերակները՝ 1.8: Այս մասին գրում է CNews կայքը:

iWatch-ի խոշոր տարբերակներից մեկը AMOLED տեխնոլոգիայով ճկուտ լուսադիոդային էկրան է ունենալու: Այն պաշտպանելու համար շափյուղայից ապակի է օգտագործվելու:

Հարկ է նկատել, որ iWatch-ի մասին այս տեղեկությունը տարբերվում է ավելի վաղ հրապարակվածից: Այսպես, նախագծին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել էին, որ iWatch-ը 2.5 դյույմ տրամագծով էկրան է ունենալու, իսկ թվատախտակը լինելու է ուղղանկյուն ապարանջանի տեսքով: Ենթադրվում էր, որ ժամացույցը սենսորային ինտերֆեյս եւ անլար լիցքավորման հնարավորություն է ունենալու:

Նորույթի վաճառքի ժամկետների մասին լուրերը նույնպես հստակ չեն: Մինգ Չի Կուոյի վերջին կանխատեսման համաձայն, նոր ժամացույցները կթողարկվեն այս տարվա նոյեմբերից ոչ շուտ: