ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, ով այցով ժամանել է Լոնդոն, հայտնել է լրագրողներին, որ Թուրքիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Եվրոպայի դժկամությունը հետ է մղում Անկարային Արեւմուտքից:
Նրա խոսքով, Թուրքիան կարող է իր հայացքը հառել Արեւելքին, քանի որ Եվրամիության մի շարք անդամներ արգելում են նրան «Արեւմուտքի հետ օրգանական կապեր հաստատել», որին ձգտում է Թուրքիան, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Պենտագոնի ղեկավարը նշել է նաեւ, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը անհանգստանալու իրական առիթ է:
Թուրքիայի եւ Իսրայելի կապերը թուլացան Գազայի հատվածում հարձակողական գործողությունից հետո՝ մոտ կես տարի առաջ: Լարվածությունն ավելի մեծացավ «Ազատության նավատորմի» վրա իսրայելական հատուկ ուժերի հարձակումից հետո:
Ինչպես նշել է Ռոբերտ Գեյթսը, ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները պետք է մտածեն, թե ինչ կարող են անել, որ թուրք առաջնորդները գիտակցեն Արեւմուտքի հետ կապերի կարեւորությունը:

























