էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Քարֆուր» ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալին եւ գրասենյակի ներկայացուցիչներ Լորան Նազետին ու Վաչե Արսենին:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ճշմարիտյանը ողջունել է աշխարհում երկրորդ ամենախոշոր հիպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան եւ նշել, որ նման ընկերության գործունեությունը Հայաստանում միայն կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

«Քարֆուր»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ  ընկերությունը առաջին հերթին համագործակցելու է տեղական արտադրողների ու մատակարարող ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված ընկերության ներկայացման ձեւաչափի, գործունեության վայրի եւ բացման ժամկետի, տեղական մատակարար հնարավոր գործընկերների եւ մի շարք այլ խնդիրների հետ:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ նախարարությունն իր իրավասությունների շրջանակում կաջակցի ընկերությանը` հնարավորինս շուտ Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար: