Խուբե նահանգի Ուխան քաղաքից չինուհին ներկել է ոտքի մատներն անմիջապես մեքենա վարելու ընթացքում, հաղորդում է «Shanghaiist»-ը:

Հու ազգանվամբ ականատեսը, ով առաջին է նկատել տարօրինակ մեքենան, տեղացի լրագրողներին պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել աշխույժ մայրուղու վրա հուլիսի 8-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում: Տղամարդու խոսքով՝ նա աշխատանքի էր գնում, երբ նկատել է, որ առջեւից ընթացող մեքենայի պատուհանից ձեռք է երեւում:

Վարորդը, որ կարծել է, թե այդպես օգնության են կանչում, մոտեցել է մեքենային եւ հասկացել, որ սխալվել է. պատուհանից ոչ թե ձեռքեր, այլ ոտքեր էին երեւում, բացի այդ վարորդը միանգամայն առողջ էր, հաղորդում է «FedPost.ru»-ն:

«Սկզբում ես ուշադրություն դարձրեցի դանդաղ ընթացող մեքենային եւ այնուհետ նկատեցի ձեռք հիշեցնող ինչ-որ բան: Սակայն երբ ես ավելի մոտեցա մեքենային, տեսա արեւային ակնոցներով մի կնոջ, ով մեքենայից դուրս էր հանել եղունգները ներկած ոտքերը: Հասկանալի է դարձել, որ նա ներկել է եղունգներն ու այդ կերպ չորացնում է դրանք»,- նշել է տղամարդը:

Կարգի պահապանները հաստատել են, որ կնոջը կտուգանեն 200 յուանով(32 դոլար):