Հակոբյանների ընտանիքի եւ դերասան Վարդան Պետրոսյանի միջեւ հաշտություն չի եղել, քանի որ Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջել է, որ Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր ճանաչի: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին,Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով տուժողների վնասի փոխհատուցման խնդրին:
«Իրականում ես եմ խնդրել, որպեսզի Բալոյանը միջոցներ ձեռնարկի որպեսզի հաշտություն տեղի ունենա: Պատճառը, որ հաշտություն չի եղել, այն է, որ Բալոյանի դիրքորոշումը սա էր՝ Վարդան Պետրոսյանը պետք է իրեն մեղավոր ճանաչի եւ դատարանում ասի, որ խմած դուրս է եղել կողնակ՝ հողածածկ գոտի, եւ հարվածել Հակոբյանների մեքենային: Ես ասել եմ, որ նման պահանջ չեմ կարող դնել Պետրոսյանի առաջ, քանի որ ես հաստատապես համոզված եմ, որ նրա մեքենան դուրս չի եկել կողնակ եւ վթար այնտեղ չի եղել»,- հայտնեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանը միշտ պատրաստ է հաշտության. «Պահպանվում է այն դիրքորոշումը, որ իրենց քաղհայցը՝ փոխհատուցման պահանջը, կարելի է քննարկել, անկախ նրանից Վարդան Պետրոսյանը մեղավոր կճանաչվի, թե ոչ»:
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանին վրդովվեցրեց Նիկոլայ Բաղդասարյանի այս հայտարարությունը, նիստի ամբողջ ընթացքում նա կրկնում էր «Այսպես չի կարելի, դա մասնավոր խոսակցություն է»:
Նշենք, որ վերջին դատական նիստերին շատ են լարվել տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի եւ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարաբերությունները, դատավոր Վաղինակ Մկրտչյանն անընդհատ նկատողություն է անում փաստաբաններին:
Դատական նիստից հետ Ռուբեն Բալոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից սխալ էր բարձրաձայնել մասնավոր զրույցը, այն էլ՝ կիսատ:
«Դա մենք իրար հետ ենք քննարկել. հիմա ինչքանո՞վ է ճիշտ դրա վերաբերյալ ասել այն, ինչ իրենց պետք է, եւ չասել, թե իրենք ինչ են առաջարկել: Եթե ասում է՝ ուրեմն պիտի մինչեւ վերջ ասի: Ես ուղղակի թույլ չտվեցի ասել, թե ինչ է ինքը ասել՝ անբարո բան։ Եղա՞վ, այդքանը կասեմ»,-ասաց Ռուբեն Բալոյանը:





























