Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու Հայ ազգային կոնգրեսն ինչ-որ պահի համագործակցեն, քանի որ քաղաքականության մեջ ոչինչ  չի բացառվում՝ հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում է արել Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ «Եթե քաղաքական շահերի համընկնում է տեղի ունենում, քաղաքական համագործակցությունը չպետք է բացառել։

Սակայն, երբ ՀՅԴ-ն ասում է, որ պատրաստ է համագործակցության, բայց նախագահը իրենցից պետք է լինի, դա արդեն ծիծաղ է առաջացնում։ Այսինքն, իրենք ի սկզբանե որոշել են, որ ժողովուրդն իր ձայները պետք է տա դաշնակցական նախագահին։ Դա մեզ հուշում է, որ ՀՅԴ-ի առաջարկը իշխանական նախաձեռնություն կարող է լինել, եւ դաշնակցական նախագահը կարող է ընտրվել հերթական կեղծիքների արդյունքում»։ Լյուդմիլա Սարգսյանը բացառում է, որ Հայաստանի ապագա նախագահը կարող է լինել դաշնակցական՝ նշելով.  «Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ՀՅԴ-ի դերատակարությունը ե՛ւ առաջին հանրապետության կայացման, ե՛ւ ներկա ժամանակում»։ 

ՍԴՀԿ ատենապետը միաժամանակ ընդգծել է, որ հարգանք ունենալով ՀՅԴ-ի պատմական  անցյալի նկատմամբ, համոզված չէ, որ ՀՅԴ-ն ունի նույն նպատակները, ինչը որ ՀԱԿ-ը։ «Բայց ուրախ կլինեի, որ համագործակցությունը ազնիվ ու առանց ենթատեքստերի լիներ, եւ նրանք պատրաստ լինեին ընդունել այն նախագահին, որին կընտրեր մեր ժողովուրդը»,-հավելել է ՍԴՀԿ ատենապետը։