Ադրբեջանի ծանր հանցագործություններով զբաղվող զինվորական դատարանում ավարտվել է Գետաբեկի շրջանի զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Հագանի Ջավադովի, կրստսեր սերժանտներ Էլչին Մամեդովի եւ Սամիր Թագիեւի ու զինվոր Սուլեյման Ալիեւի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Մեղադրյալները ձերբակալվել են 2008 թվականի սեպտեմբերի 18-ին: Քննության ընթացքում պարզվել է, որ Հագանի Ջավադովը, հանցավոր համաձայնության գալով մի խումբ անձնաց հետ, բռնաբարել է զինվորներին եւ ստիպել աշխատել հայկական հետախուզության համար: «Դրանով Հայաստանի զինված ուժերը հստակեցրել են ադրբեջանական ուժերի գտնվելու կոորդինատները եւ ադրբեջանական բանակի զինվորների ձեռքով պայթյուններ կազմակերպել Ադրբեջանի տարածքում»,- հայտնում է «1news.az»-ը:
Գլխավոր դատախազությունը նրանց դեմ մեղադրանք է հարուցել Քրեական օրենսգրքի 150 (Սեռական բնույթի գործողություններ կատարելը), 228 (Զենք եւ զինամթերք պահելն ու օգտագործելը), 274 (Հայրենիքի դավաճանություն), 333 (Զինվորական մասի ինքնակամ լքելը), 338 (Զինվորական հերթապահության կանոնների խախտելը), 341 (Լիազորությունների չարաշահում) եւ 349 (Զինվորական ունեցվածքը ոդիտավորյալ ոչնչացնելը) հոդվածներով:
Դատական կոլեգիան Հագանի Ջավադովին եւ Էլչին Մամեդովին դատապարտել 15 տարվա, իսկ Սամիր Թագիեւին ու Սուլեյման Ալիեւին`12 տարվա ազատազրկման:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Ադրբեջանի տարածքում որեւէ պայթյուն չի եղել, որ հնարավոր կլիներ կապել «հայկական հետքի» հետ: Ստացվում է, որ իբր հայկական կողմի հրահանգով գործող բացահայտված խմբի ծրագրերը լիովին ձախողվել են: Մնում է միայն որախանանալ դատապարտված ադրբեջանցի զինվորականների եւ նրանց զոհերի համար՝ առաքելության ձախողման պարագայում նրանք գոնե հաճույք են ստացել:




























