Հայաստանի կառավարությունը հաստատել է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձնական կիրառման կարգը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ համավճարը պետության երաշխավորած բուժօգնության շրջանակում հիվանդի բուժման համար սահմանված գնի եւ բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսի տարբերությունն է, որը վճարում է հիվանդը։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ համավճարի ներդրմամբ նաեւ կբարելավվի բուժհաստատության ֆինանսական հոսքերի կառավարումը, կբարձրանա բժշկական ծառայությունների որակը եւ օրինական դաշտ կբերվի ոչ պաշտոնական վճարումների ծավալը։

Վարչապետը կարեւորել է փորձարարական նոր եղանակի ներդրումը, որով լուրջ բարեփոխում է սկսվում ամբողջ ոլորտում։

«Մնում է հուսալ, որ մեր քաղաքացիները ճիշտ կընկալեն համավճարի նոր եղանակը, որպեսզի այն սոցիալական որեւէ խնդիր չհարուցի»,- նկատել է Տիգրան Սարգսյանը։