Դոնեցկի մարզում Boeing-777-ի վթարի վայրում գտնվել են 251 զոհերի մարմինները եւ մարմինների 66 հատվածներ:

«Հուլիսի 21-ի առավոտվա 7-ի դրությամբ գտնվել են 251 զոհերի մարմինները եւ մարմինների 66 հատվածներ, որոնք ուղարկվել եւ բեռնվել են Տորեզ երկաթուղային կայարանում գտնվող սառցախցիկներով վագոններում», — հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

«Որոնման մակերեսը եղել է մոտ 120 քկմ: Որոնողական աշխատանքներին խոչընդոտել է զինված անջատականների ներկայությունը», — նշում են գերատեսչությունում:

Որոնողական աշխատանքներին ներգրավված է 810 մարդ, որոնցից 335-ը արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներ եւ 35 միավոր տեխնիկա: Վթարի հանգամանքները քննում է կառավարական հանձնաժողովը:

Ավելի վաղ մարմինների տեղափոխման չորս սառցախցիկ-վագոններով երկրորդ գնացքն էր ժամանել Տորեզ քաղաք: