Հայաստանում կրճատվել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը: Այս մասին հուլիսի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:

Ըստ նրա` այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 180 հանցագործություն` անցյալ տարվա  նույն ժամանակահատվածի 212 դեպքի համեմատ:  Զուգահեռ կրճատվել է մանկահասակ իրավախախտների թիվը` նախորդ տարվա 180-ից հասնելով 160-ի:

Վարչության պետը նշել է գողության, թմրանյութերի շրջանառության, խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի կրճատումները: Միեւնույն ժամանակ, ավելացել է սառը զենք կրելու դեպքերի թիվը` 4-ից մինչեւ 7: 

Նելլի Դուրյանը վստահեցրել է, որ պրոֆիլակտիկ աշխատանքները եւ հերթապահությունը շարունակվում են: 

Անչափահասների շրջանում ամենատարածված խախտումները գողությունն ու մարմնական վասվածքներ հասցնելու դեպքերն են: Անչափահասների շրջանում ծանր հանցագործությունների շարքից գրանցվել է սպանության  եւ աշխատանքային թրաֆիքինգի մեկական դեպք: Սեռական թրաֆիքինգի դեպքեր չեն  բացահայտվել: