Հայաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որ նախատեսում է երկրում օտարալեզու դպրոցների ստեղծումը:
Ինչպես նշել է կառավարող հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, փաստաթղթերն իրենց ներկայիս տեսքով անընդունելի են անգամ ՀՀԿ-ի համար: «Սակայն ասել, թե օտարալեզու կրթությունը խոչընդոտ է հայրենասիրության ճանապարհին, սխալ կլինի, քանի որ հայրենասիրությունը ի ծնե է, ոչ սովորովի»,- նկատել է Սահակյանը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, թե օտարալեզու կրթությունը նպաստում է կոսմոպոլիտների դաստիարակմանը: «Պե՞տք են արդյոք Հայաստանին կոսմոպոլիտներ»,- հարց է տվել Մարտիրոսյանը:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշել է, թե նման օրինագծերը նպաստում են ազգի կործանմանը: Նա առաջարկել է նման ամոթալի օրինագիծը ներկայացնել «Հեստապարի» մասին» օրինագծի հետ միասին:
ՀՅԴաշնակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հայտարարել է, թե այդ օրինագծերը քաղաքական պատվեր են: Նրա խոսքով, անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանն է ընդունել, որ փոփոխություններն արվում են հայազգի գործարար, «Տրոյկա դիալոգ» կոնցեռնի նախագահ Ռուբեն Վարդանյանի առաջարկով:
ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, թե կրթության մակարդակը Հայաստանում շատ ցածր է:
Նշենք, որ խորհրդարանում քննարկումներին զուգահեռ ընթանում է օրինագծի հակառակորդների բողոքի գործողությունը: Երբ շենքից դուրս էին գալիս կառավարող կոալիցիայի անդամները ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Ո՛չ ապազգային օրինագծին» կամ «Դավաճա՛ն»:
Օրինագծերը նախատեսում են փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում եւ հանել 90-ականներին մտցված արգելքը օտարալեզու դպրոցների դեմ:




























