«Հայաստանի կառավարությունն իրավունք չունի ինքնուրույն լուծել Հայոց ցեղասպանության հարցը. դա համայն հայության հարցն է»,- Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի, Իրաքի եւ Աֆղանստանի հարցերով փորձագետ, USC College of Letters, Arts and Sciences-ի դասախոս, քաղաքագիտության պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը։
Դեքմեջյանը նշել է, որ 1965 թվականից սկսած Ցեղասպանության հարցը տեղափոխվել է մեկ այլ հարթություն։ Այն սկսել է զարգանալ միջազգային հանրության օրակարգում։ Քաղաքագիտության պրոֆեսորի խոսքով, այդ ժամանակահատվածից սկսած Թուրքիայի հասարակությունն առաջընթաց է ունեցել «ստորին խավից, որտեղ նա գտնվում էր քեմալականության շրջանում՝ բարձրանալով միջին խավ»։
"Այդ դասակարգը իսլամ էր դավանում։ Քեմալիզմի գաղափարախոսությունը հիմնվում էր թուրք ազգի առաջնորդության եւ գերիշխող դիրքի վրա՝ շեշտադրելով նախնիների հետադիմական քաղաքականությունը։ Կան նաեւ ուրիշ ծայրահեղ աջ հոսանքներ։ Հիմնականում, կարելի է ասել, որ այնտեղ ոչինչ չի փոխվել, փոխվել են պարզապես քաղաքական գործիչների անունները. չէ որ բոլոր քաղաքական ուժերը դեռեւս շարունակում են մերժել ցեսապանության իրական լինելու փաստը։ Թուրքը սիրալիորեն ժպտացող մեկն է, բայց չպետք է խաբվել արտաքին տեսքին։ Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներից ելնելով՝ չարժե զոհաբերել ցեղասպանության ճանաչման հարցը, մանավանդ, որ սահմաների բացումը գուցե եւ հակառակ ազդեցությունն ունենան տնտեսության վրա։
Խոսելով Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մասին, որը արվել էր ապրիլի 22-ին, Դեքմեջյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը իրավունք չունի համայն հայության անունից հայտարարություն անելու։ «Ամեն հասարակություն իր յուրահատկությունն ունի։ Երեւանը պետք է հաշվի առնի նաեւ սփյուռքի դիրքորոշումը այս հարցում եւ համաձայնեցնի իր գործողությունները սփյուռքի հետ»,-ասել է պրոֆեսորը։
Դեքմեջյանը հակված է կարծելու, որ Հայաստանի իշխանությունները խաբվել են «բայց ես հիմա կարծում եմ, որ նրանք դա հասկացել են եւ արել համապատասխան հետեւություններ։ Եթե նրանք բավականաչափ զուսպ են եւ հայտարարություններ են անում ելնելով ողջ ազգի շահերից, ապա դեռ կարող են ուղղել իրենց սխալները»։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Դեքմեջյանը քաղաքագիտությանը, կրոնին, էթնիկ լոբբինգի առանձնահատկություններին վերաբերող տասնյակ գրքերի հեղինակ է։




























