ՀՀ Ազգային ժողովում այսօր ժամը 18.30-ին արտահերթ նիստ է հրավիրվելու, որի օրակարգում ընդգրկված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Բացի այդ, օրակարգում կլինեն նաեւ բոլոր այն հարցերը, որոնք խորհրդարանը չհասցրեց քննարկման ավարտին հասցնել: Բանն այն է, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ օրինագծերի քննարկումը բավական երկար տեւեց, որի պատճառով, մյուս օրինագծերի քննարկումը հետ ընկավ:
Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին, ապա դրանք Ազգային ժողովը կքննարկի հունիսի 22-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստն է գումարվել եւ եթե չհաշվենք արտահերթ նիստերը, ապա խորհրդարանն արդեն աշնանային նստաշրջանը կսկսի սեպտեմբերին` ԱԺ շենքի վերանորոգված, օվալաձեւ դահլիճում:


























