«Ես հիմա չգիտեմ, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքը որն է, որովհետեւ նա որոշ հայտարարություններ է անում քաղաքական կոնյուկտուրայից ելնելով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը, մեկնաբանելով Է. Նալբանդյանի այն հայտարարությունը, թե հայկական կողմը համաձայնություն չի տվել մադրիդյան սկզբունքներին, ուղղակի համաձայնել է, որ դրանք բանակցությունների համար հիմք լինեն:

Հիշեցնենք, որ ի տարբերություն Է. Նալբանդյանի, երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ «ԼՂ կարգավորման բոլոր հիմնարար սկզբունքները ֆունդամենտալ կերպով համաձայնեցված են, սակայն մանրամասները դեռ քննարկման կարիք ունեն»:

Այս առնչությամբ, հարցին թե, Ձեր կարծիքով Բրայզա՞ն է ավելի անկեղծ իր հայտարարության մեջ, թե՞ Է. Նալբանդյանը, Հ. Իգիթյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ Բրայզան այս դեպքում ավելի անկեղծ է, որովհետեւ նա շատ լավ հասկանում է գործընթացը, իսկ Էդվարդ Նալբանդյանը Հանրապետական կուսակցության հետ միասին ստիպված է ւ ցույց տալ, որ սա հերթական դիվանագիտական հաղթանակ է եւ իրենք իրենց „հացը“ իզուր չեն ուտում»: Նրա խոսքով, եթե նույնիսկ հավատանք ՀՀ ԱԳ նախարարին, որ մադրիդյան սկզբունքներն ընդունվում են որպես հիմք բանակցությունների համար, դա նշանակում է, որ դրանք ընդունելի են: «Եթե բանակցություններում որպես հիմք ընդունենք ինքնորոշման իրավունքը, ապա Ադրբեջանը չի շարունակի բանակցությունները, եւ հակառակը, եթե որպես հիմք ընդունվի տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա Հայաստանը դեմ կլինի: Դա նշանակում է, որ կողմերը ստիպված են եղել այդ սկզբունքներն ընդունել որպես հիմք: Սա գալիս է ասելու այն մասին, որ այս անգամ երեք երկրների նախագահները կողմերին առանձնապես չեն հարցրել իրենց կարծիքը այլ ուղղակի պարտադրելու են որեւէ որոշում»,- կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչն ու ընդգծեց. «Եթե մինչ այդ համանախագահները բանակցային գործընթացում պարբերաբար հարցնում էին կողմերի կարծիքը, ապա այս անգամ երեք համանախագահող երկրների նախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որը իր մեջ պարունակում է իմպերատիվ, այլ ոչ խորհրդատվական բնույթ է կրում: Եվ հիմա կողմերը հասկանալով դա, ուղղակի հայտարարել են, որ կարող են այդ սկզբունքները համարել որպես հիմք»: