Սիրիական կաթոլիկ եկեղեցին հայտարարում է, որ հնագույն ձեռագրերի անգնահատելի հավաքածուն, որը պահվում է ջիհադականների կողմից գրավված Իրաքի Մար Բենեմ վանքում, վտանգի տակ է:

Մոսուլ քաղաքի մերձակայքում գտնվող վանքի գրադարանում VIII դարի հարյուրավոր ձեռագիր գրքեր կան:

Սիրիական կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ դրանք չափազանց կարեւոր փաստաթղթեր են ոչ միայն եկեղեցու, այլեւ Իրաքի պատմության ուսումնասիրության համար:

Հոգեւորականները մտավախություն ունեն, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները կարող են ոչնչացնել այդ մասունքները կամ սեւ շուկայում վաճառել, ինչպես արդեն վարվել են Սիրիայի քրիստոնեական այլ մասունքների պարագայում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման սուննի զինյալները Մար Բենեմ վանք են մտել հուլիսի 20-ին: Նրանք վանականներին հրամայել են հեռանալ վանքից եւ իրենց հանձնել բանալիները:

Հարյուրավոր քրիստոնյաներ արդեն լքել են Մոսուլը: Նրանց, ովքեր մնացել են, ընտրություն են առաջարկել. մահմեդականություն ընդունել կամ հարկ վճարել: Հակառակ դեպքում նրանց սպառնացել են մահապատժով: