ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» տարածքի «Գիլան» արգելավայրում ապօրինի ծառահատում եւ շինարարություն է իրականացվում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, Կառավարության 2007թ հոկտեմբերի 18-ի որոշմամբ, «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչեւ 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչեւ 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` 5 տարի ժամկետով:
Ստացված ահազանգի հետքերով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսուչները մեկնել են նշված վայրը եւ տեղում պարզել, որ ծառահատում տեղի չի ունեցել:
Տվյալ տարածքը վարձակալող, «Հովազաձոր» ՍՊԸ-ի աշխատակիցները համապատասխան մասնագետների հետ համատեղ իրականացրել են սանիտարական էտում, կտրելով խնձորենիների չորացած ճյուղերը:


























