Յակով Զարգարյանը հավաքածուի նոր օրինակների համար իր երկու սենյականոց բնակարանում չի կարողանում ազատ տարածք գտնել։ Նրա մեծ եւ անսովոր հավաքածուն 50-ամյա պատմություն ունի. Սարյանի, Մինասի, Շեմյակինի կտավներ, էկզոտիկ երկրներից բերված քանդակներ ու արձանիկներ, հնամյա կուժեր եւ բաժակներ, որոնք գտնվել են Դվինի պեղումների ժամանակ, քարացած ծառի կտոր, որը 35 միլիոն տարեկան է, մանյակ՝ 7-6 դարերի մ.թ.ա… Սակայն, նրա հավաքածուի ամենամեծ «հպարտությունը» նկարազարդված ձվերի հավաքածուն է՝ 450 օրինակից, որոնք պատրաստվել են՝ փայտից, կավից, ապակուց եւ մետաղից, այդ հավաքածուի առաջին ձուն նկարազարդել է Մարտիրոս Սարյանը։

«1963 թ-ին, Զատիկի տոնի ժամանակ, հարեւանի երեխան եկավ ինձ մոտ, որ „ձվակռիվ“ խաղա։ Ձվի վրա կարմիր, սպիտակ եւ սեւ ներկերով նկարազարդված էր Մասիսը։ Ներկը դեռ չեր հասցրել չորանալ, փոքր-ինչ ծորացել էր եւ պատկերը օրիգինալ էր ստացվել։ Այդ ժամանակ մի միտք անցավ, որ եթե գեղանկարիչները նկարեին ձվի վրա… , որից հետո գնացի փայտամշակի արհեստանոց եւ 3 փայտե ձու պատվիրացի։ Տան ճանապարհին հանդիպեցի Մարտիրոս Սարյանին, որի հետ ծանոթ էի, եւ խնդրեցի նրան ինչ որ բան նկարել ձվի վրա։ Նա պատկերեց Արարատյան դաշտավայրը։ Ինձ այնքան դուր եկավ, որ հաջորդ օրը 30 փայտե ձու պատվիրեցի»,- պատմում է Յակով Զարգարյանը։

83-ամյա կոլեկցիոները արտասովոր մարդ է՝ դաշնակահար, երեւանյան կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագիտական աշխատանքների հեղինակ, գեղանկարչության գիտակ։ Պատանի ժամանակ նա հավաքում էր հայտնի նկարների բնօրինակի պատճեները, իսկ հետո նաեւ բնօրինակները։ Ոչ միայն հայ վարպետների կտավները, այլեւ Ուլդիս Զամզարիսի, Սարրա Լեբեդեւայի, Օլեգ Ցելկովի, Կուզմա Պետրով-Վոդկինի նկարները։

«Կոլեկցիոներությամբ զբաղվում եմ արդեն 50 տարի։ Հավաքածուիս մի մասը նվեր է, ինչ-որ բան գնել եմ, փոխանակել, նույնիսկ ստեղծել։ Շատ բան անցողիկ է, իսկ այս ստեղծագործությունները մնայուն»,- ասում է Յակով Զարգարյանը։

Ձվերի հավաքածուում յուրաքանչյուրը թանկ է Յակով Զարգարյանի համար, սակայն ամենաթանկը նրանք են, որոնց վրա պատկերված են՝ թոռը, մանկության ընկերները, նաեւ այն ձուն, որը ստեղծել է հայտնի մանրանկարիչ Էդուարդ Ղազարյանը, որի ներսում մարդու մազի վրա փորագրված է Հիսուսի դեմքը։ Յակով Զարգարյանին շատ անգամներ առաջարկել են վաճառել հավաքածուն, պատրաստ էին մեծ գումարներ տալ։ Նա հրաժարվել է։ «Խորհրդային ժամանակաշրջանում 1 միլիոն ռուբլի էին տալիս, իսկ 5 տարի առաջ պատրաստ էին վճարել 20.000 դոլար։ Բայց, ես հրաժարվեցի, այս ամենը կփոխանցեմ իմ սիրելի թոռնիկին»,- ասում է Յակով Զարգարյանը։

Պարոն Զարգարյանը չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերածի վրա, հավաքածուն մեծացնում է իր հնարավորության չափով։ Նա ասում է, որ էլ չի կարող կանգ առնել, քանի որ երբ մարդը հավաքածուներ է հավաքում, իր համար նորովի բացահայտում է աշխարհը՝ իր ներսում եւ իրենից դուրս։