Հայկական ընկերությունը նոր՝ բարձր արագությամբ 3D պրինտեր է հավաքելու: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը: «Zecotek Photonics» ընկերությունը, որը բժշկական, արդյունաբերական եւ գիտական շուկաների համար առաջատար տեխնոլոգիաներ է մշակում, հայտարարել է, որ 100%-ով իրեն պատկանող «Zecotek Display Systems» դուստր ձեռնարկությունը պայմանագիր է կնքել երեւանյան «LT-PYRKAL» ընկերության հետ: Վերջինը հավաքելու եւ փորձարկելու է իր առաջին՝ բարձր արագությամբ 3D պրինտերը, որը տեխնիկական եւ կոմերցիոն առավելություններ է ունենալու եռաչափ տպագրության այլ տեխնոլոգիաների համեմատ:
Նշենք, որ «Zecotek» եւ «LT-Pyrkal» ընկերությունները 2014 թվականի փետրվարին հայտարարեցին գործընկերության մասին: Այդ ժամանակից մի շարք առանցքային տեխնիկական խնդիրներ են լուծվել, եւ հիմա «LT-Pyrkal»-ը սկսելու է հավաքել նոր 3D պրինտերը: Այն օգտագործվելու է ինչպես դրա նախատիպերի ստեղծման, այնպես էլ էլեկտրոնիկայի, տիեզերագնացության, ավտոմոբիլային, մեխանիկական եւ բժշկական ոլորտներում:





























