«Ես կիսում եմ ՀՀ նախագահի դիրքորոշումը, որովհետեւ այն արտահայտում է իշխող քաղաքական ուժերի տրամադրությունները: Մենք եղել ենք եւ շարունակում ենք կողմնակից լինել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն եւ բանակցությունները ողջամիտ ժամկետներում ավարտելուն: Սա մեր դիրքորշումն է եւ վստահ եմ, որ այն չի փոխվի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Արամ Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարել էր, որ եթե մինչեւ աշուն չբացվի հայ-թուրքական սահմանը, կամ այդ ուղղությամբ առաջընթաց չարձանագրվի, ինքը չի այցելի Թուրքիա` դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան խաղը:
Արամ Սաֆարյանի խոսքով, այսօր Թուրքիայի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը սկսել են միանշանակորեն կապել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի առկայության հետ: «Այսինքն, նրանք ասում են, որ մինչեւ ղարաբաղյան բանակցություններում հետագա առաջընթաց չլինի, դժվար է ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Ես նախագահի դիրքորոշումը համարում եմ սկզբունքնային, եւ միաժամանակ կողմ եմ բանակցային գործընթացը մեր երկու հարեւանների հետ էլ շարունակելուն: Կարծում եմ, որ կառուցողական մասնակցությունն այդ գործընթացներում նպաստում է ՀՀ արտաքին քաղաքական հեղինակության բարձրացմանը»,- ընդգծեց նա:




























