Ֆուտբոլային լեգենդ Պելեն այսօր` հունիսի 11-ին Հարավաֆրիկյան հանրապետությունում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներ է համարում Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականներին: Նա այդ մասին հայտարարել է Յոհանեսբուրգում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Պելեն նաեւ կանխատեսել է, որ Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող թիմերից մեկը կհասնի մինչեւ եզրափակիչ:
Ֆուտբոլի արքայի խոսքով, ամենադիտարժան ֆուտբոլը կցուցադրեն Բրազիլիան, Իսպանիան, Հոլանդիան եւ Պորտուգալիան, իսկ ամենաուժեղների շարքում նա նշել է Իտալիային, Գերմանիային եւ Անգլիային:
Ինչ վերաբերում է նրան, թե ով կարող է լինել առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Պելեն նշել է բրազիլացի Կակայի, Ռոբինյոյի եւ արգենտինացի Մեսսի անունները:
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերի տոմսերի 97 տոկոսն արդեն վաճառված է, ընդհանուր առմամբ` 2.8 մլն տոմս 3.01 միլիոնից:



























