Heritage Foundation-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ ավտանգության հարցերով հեղինակավոր փորձագետ Արիել Քոենը հայտարարել է, թե Ադրբեջանն իրավունք ունի ուժ կիրառել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:
«Իմ կարծիքով, ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացիան Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում ուժ կիրառել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման համար»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նրա խոսքով, «տեսականորեն Ղարաբաղի համար ապագա ընդհարումը, եթե խառնվեն հայկական զորքերը, կդառնա ինքնապաշտպանություն՝ ըստ ՄԱԿ կանոնադրության»:
Փորձագետը նշում է, որ ագրեսիան ետ մղելու իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, «ուստի Ադրբեջանի Սահմանադրության եւ Ռազմական դոկտրինի ենթադրյալ հակասություններն այնքան էլ կարեւոր չեն»:
Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանը հունիսի 8-ին ընդունել էր Ռազմական դոկտրինը: Փաստաթղթի կետերից մեկն ասում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմական ուժը, տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:


























