Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե Ռուսաստանը ղեկավարվելու է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձեւի չափորոշիչներով եւ պահանջներով` զենքի առաքման հարցում:
«Այժմ մեր մասնագետները, ներառյալ փորձագետ-իրավաբանները, խորացված ուսումնասիրում են իրավիճակի ասպեկտները, հաշվի առնելով ՄԱԿ-ի ԱԽ հունիսի 9-ին ընդունած 1929 բանաձեւը: C-300-ի հարցում, ինչպես եւ բոլոր այլ հարցերում, մենք խստորեն եւ անխուսափելիորեն ղեկավարվելու ենք բանաձեւում նշված չափորոշիչներով եւ պահանջներով»,- հայտարարել է Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե C-300-ի վաճառքի գործարքը՝ կնքված Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ, Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում չէ:
Հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորրորդ բանաձեւն է ընդունել Իրանի դեմ: Բանաձեւին կողմ են արտահայտվել ԱԽ 12 անդամները, բացառությամբ դեմ քվեարկած Բրազիլիայի եւ Թուրքիայի, եւ ձեռնպահ մնացած Լիբանանի:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատժամիջոցներն օգտագործված թաշկինակ է անվանել:


























