«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն իր ամենամյա ճաշկերույթով հունիսի 6-ին սկսել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերառուցմանն ուղղված դրամահավաքը: Միջոցառման կարգախոս է ընտրվել. «Տորոնտոյից Շուշիին` աշխարհի ամենալավ քաղաքին, երկրորդ ամենալավ քաղաքից»:

Ներկաներին է ներկայացվել Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման նոր ծրագիրը: Կենտրոնը կունենա 400-տեղանոց դահլիճ: Նախատեսվում է, որ վերակառուցումից հետո կենտրոնում կգործեն երաժշտական գործիքների, նկարչության, արվեստների եւ արհեստների, թատերական, ավանդական հայկական պարերի եւ բալետի, ինչպես նաեւ տիկնիկային թատրոնի դասարաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 450 հազար դոլար:

Բուն դրամահավաքը մեկնարկել է Տորոնտոյի հայկական դպրոցների աշակերտների հավաքագրած 3,5 հազար դոլարի չեկի ներկայացմամբ: Ուշագրավ է եղել 13-ամյա աշակերտուհի Վիկտորիա Խաջավիի կողմից միայնակ հանգանակված 2,2 հազար դոլարը: Երեկոյի վերջում, ներկաները հանգանակությունները հասցրել են  260 հազար դոլարի, որը կազմում է ծրագրի համար պահանջվող գումարի կեսից ավելին: