Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո թերթի աշխատակիցներին էլ-փոստով սպառնալիքներ տեղացած  Յասին Յըլդըզը դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի 3 ամիս ազատազրկման։

Յասին Յըլդըզը դատարանում ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը՝ նշելով, որ այդ ժամանակ ինքը զայրացած է եղել հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ «Ակոս»-ի մեկնաբանություններից եւ նման նամակներ է ուղարկել։  Դատարանը որոշել է Յասին Յըլդըզին սպառնալիքների համար 3 եւ վիրավորանքների համար 3 ամիս ազատազրկման դատապարտել։ Դատարանը միեւնույն ժամանակ մերժել է պատիժը հետաձգելու միջնորդությունը։

Նշենք, որ նախկինում եւս նույն Շիշլիի 2-րդ դատարանը,  «Ակոս» շաբաթաթերթի աշխատակիցների հանդեպ  Էլ-փոստով վիրավորանք եւ սպառնալիք պարունակող նամակներ ուղարկելու համար Մեհմեդ Ջելեփօղլուին տուգանել է 8 հազար լիրայով (5,500 ԱՄՆ դոլար), Մուհամեդ Քարային՝ 3 տարի եւ 3 ամիս,  Զաֆեր Ֆիլիզին՝ 3 տարի եւ Ռըդվան Դողանին՝ 2 տարվա ազատազրկման։ Միեւնույն ժամանակ դատարանը մերժել է հիշյալ անձանց նկատմամբ կիրառել պատժաչափերի հետաձգման միջնորդությունը։