«Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները գնահատում եմ ոչ նորմալ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Վիրք» կուսակցության համանախագահ, Վրատանի ՏԻՄ ընտրություններին «Ազգային խորհուրդ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Ռստակյանը։ Նրա խոսքով, ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ եւ ընտրակեղծիքներ, որոնց ականատես են եղել անգամ ԵԱՀԿ դիտորդները։
«Նրանցից մեկը, օրինակ, տեսել է, թե ինչպես ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի անդամը քվեաթերթիկներ է լցնում արկղի մեջ։ Բացի այդ, բազմաթիվ անճշտություններ են եղել հենց ընտրացուցակներում։ Չգիտես ինչպես, ընտրողների թիվը 32 հազարից դարձել է 36 հազար»,- ընդգծեց Ռստակյանը։ Նրա խոսքով, թեպետ վրացական իշխանությունները հայտարարել էին, թե ընտրություններին մասնակցել է բնակչության 78 տոկոսը, սակայն իրենց դիտարկումներով, դրանց մասնակցել է ընտրողների ընդամենը 20 տոկոսը։
«Ընդ որում, մեր հաշվարկներով ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից ավելին իրենց ձայները տվել են հենց մեզ։ Սակայն փաստն այն է, որ ոչ համամասնական, ոչ մեծամասնական ոչ մի պատգամավոր ընտրությունների արդյունքում չունեցանք»,- նշեց Ռստակյանը։
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք «Ազգային խորհուրդ» դաշինքը բողոքարկել ընտրությունների արդյունքները, Դավիթ Ռստակյանը պատասխանեց, որ իրենք բողոքով արդեն իսկ դիմել են Վրաստանի ԿԸՀ, որն էլ խոստացել է քննել այն։ «Թե որքան կտեւի բողոքի քննման ընթացքը, չեմ կարող ասել, որովհետեւ այդ գործընթացը, օրենքով սահմանված կարգով, կարող է ձգձգվել »,- նկատեց Ռստակյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ հույս չունի, թե ԿԸՀ հօգուտ իրենց ինչ-որ որոշում կկայացնի։ «Բոլոր անօրինությունները կազմակերպում են իշխանությունները, եւ չեմ կարծում, որ նրանք ինչ-որ հարցում կօգնեն մեզ»,-ամփոփեց «Ազգային խորհուրդ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուն։
Հիշեցնենք, որ Վրատանում ՏԻՄ ընտրությունները կայացել են մայիսի 30-ին։ Ընտրություններում ամենաշատ թվով քվեներ ստացել է «Ազգային շարժում» կուսակցությունը, որը հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 60 տոկոսը։


























