Հայաստանը կարեւորում է Քաթարի, ի թիվս արաբական այլ երկրների, հետ համագործակցության զարգացումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն՝ հունիսի 11-ին Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբի հավատարմագրերի ընդունման արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Քաթարի Պետությունում ՀՀ դեսպանի նշանակմամբ եւ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի աշխուժացմամբ` հիմք կդրվի արդյունավետ փոխգործակցության:
Դեսպան Ալ-Մուղայսիբն ասել է, որ Քաթարը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով եւ մտադիր է բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպման միջոցով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: ՀՀ Նախագահն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին:
Դեպանն ասել է, որ Քաթարը պաշտպանում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի:


























