Այժմ Հայաստանում աշխատանքներ են տարվում բջջային նույնականացման քարտեր ստեղծելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ի էլեկտրոնային ստորագրությունների, էլեկտրոնային նույնականացման քարտերի եւ էլեկտրոնային անձնագրերի, ինչպես նաեւ բջջային նույնականացման քարտերի եւ բջջային ստորագրությունների ներդրման նախագծի ղեկավար Հրաչ Թամրազյանը` ավելացնելով, որ այժմ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը» բանակցում է Հայաստանի բջջային օպերատորների հետ Հայաստանում բջջային նույնականացման քարտեր ստեղծելու ուղղությամբ:
«Նմանատիպ քարտեր ունենալու պարագայում դուք ինտերնետում հնարավորություն կունենաք ցանկացած տեսակի էլեկտրոնային գործարք կատարել ձեր բջջային հեռախոսի միջոցով, առանց էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված համապատասխան ծրագրի կամ կարդացող սարքի»,- ասաց Թամազյանը՝ ավելացնելով, որ բջջային նույնականացման քարտից օգտվելու համար անհրաժեշտ կլինի պարզապես բջջային սիմ քարտը փոխարինել բջջային նույնականացման քարտով։
«Բջջային հեռախոսների նոր տեսակի քարտերը իրենց մեջ ներառելու են ինչպես բջջային ստորագրություններ, այնպես էլ քաղաքացու մասին այլ տեղեկություններ, որոնք առավել կհեշտացնեն էլեկտրոնային գործարքների իրականացումը»,- ասաց Թամրազյանը` ավելացնելով, որ բջջային նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային գործարքները ապահովված կլինեն երեք մակարդակի անվտանգությամբ, որն ընդունված է միջազգային տարատեսակ կառույցների կողմից։
Թամրազյանի տեղեկացմամբ՝ եթե չիպերով անձնագրերն ու չիպ պարունակող, անձը հաստատող քարտերը պարտադիր են լինելու բոլորի համար, ապա բջջային նույնականացման քարտը հավելյալ ծառայություն է, որից կարող են օգտվել պարզապես ցանկացողները։
Նշենք, որ բջջային նույնականացման քարտերը պատրաստ կլինեն չիպերով անձնագրերի ու չիպ պարունակող անձը հաստատող քարտերի ստեղծումից հետո միայն, իսկ վերոնշյալ նոր փաստաթղթերի կիրառումը Հայաստանում նախատեսվում է սկսել 2011թվականից։


























