Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 11-ին հանդիպել է  աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբի (Alexander Stubb) հետ: Ինչպես NEWSam-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Է. Նալբանդյանը ողջունել է Ալեքսանդր Ստուբի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ այն լավ հնարավորություն է երկկողմ օրակարգի եւ համագործակցության հեռանկարները քննարկելու համար: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի եւ սկանդինավյան տարածաշրջանի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ գործակցության զարգացումը եւ այդ նպատակով օրակարգում է տարածաշրջանում Հայաստանի դեսպանության հիմնումը:

  «Մենք տեսնում ենք Ֆինլանդիան` որպես վստահելի գործընկեր եւ ցանկանում ենք խորացնել մեր քաղաքական երկխոսությունը կանոնավոր խորհրդակցությունների եւ միջազգային կազմակերպություններում ակտիվ համագործակցության միջոցով», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: 

Իր հերթին Ալեքսանդր Ստուբը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան եւ շարունակել շուրջ երկու տարի առաջ սկսված երկխոսությունը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նախարարները մտքեր են փոխանակել նաեւ հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման ուղիների վերաբերյալ, նաեւ անդրադարձել են Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությանը:

Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: