Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` Է. Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի պատգամավորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդլայնման գործում:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիացի պատգամավորների այցը ԼՂՀ` նշելով, որ նմանօրինակ այցերը հնարավորություն են ընձեռում տեղում ծանոթանալ հիմնախնդրի ակունքներին, ինչպես նաեւ` Արցախի իշխանությունների եւ ժողովրդի դիրքորոշմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:


























