Այսօր՝ հունիսի 11-ին, Հարավաֆրիկյան հանրապետությունում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անտարբեր չի թողել նաեւ ժողովրդի ընտրյալներին:
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն, օրինակ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոգեւորությամբ հայտարարեց, որ ինքը ոչ միայն սիրում, այլ նաեւ շաբաթը երկու անգամ «Արարատ 73»-ի տղաների հետ ֆոււտբոլ է խաղում։ «Ֆուտբոլ խաղում եմ արդեն 15 տարի։ Այսօր էլ փախչելու եմ աշխատանքից, որպեսզի նայեմ աշխարհի առաջնության առաջին խաղը»,- նշեց նա` հավելելով, որ առաջնության ֆավորիտներ է համարում Իսպանիայի, Արգենտինայի, Հոլանդիայի, Անգլիայի եւ Բրազիլիայի հավաքականներին։ «Չնայած դաշտը երկար է, գնդակն էլ կլոր, եւ կարող են անականկալներ գրանցվել, սակայն կուզեի, որ հաղթեր կամ Իսպանիան կամ Արգենտինան»,- ասաց նա։
ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտների շարքում հիշատակեց Իսպանիայի, Անգլիայի եւ Բրազիլիայի հավաքականներին։ «Դժվար է ասել, որ երկրպագում եմ նրանցից մեկնումեկին։ Երկրպագել կարելի է միայն ազգային հավաքականին։ Նման խաղերը պարզապես հնարավորություն են տալիս դիտել հանդիպումներ, որտեղ ներկա են լավագույն ֆուտբոլիստները»,- նկատեց Թորոսյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, խոսելով առաջնության հնարավոր հաղթողների մասին, նշեց, որ չի ուզում գուշակությամբ զբաղվել։ «Սակայն իմ ֆավորիտները Իսպանիան եւ Բրազիլիան են»,- ավելացրեց նա։
«Ես Բրազիլիայի հավաքականին եմ երկրպագելու, բայց հավանում եմ նաեւ Իսպանիային, Անգլիային եւ Իտալիային։ Ինձ թվում է, որ կհաղթի Բրազիլիան»,- կանխատեսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Իսկ ահա նույնանուն խմբակցությն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ինքը ֆուտբոլասեր չէ եւ իր բազմաթիվ հոբբիների թվում ֆուտբոլը տեղ չունի։ «Միակ բանը, որ ես չեմ սիրում, ֆուտբոլն է։ Ես միշտ զարմացել եմ այն ազարտի վրա, որ կարող է առաջացնել այդ խաղը։ Այնպես որ, ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չեմ հետեւելու»,- ամփոփեց նա։
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ ինքը երկու տարեկանից ֆուտբոլ է խաղում։ «Հիմա կնայեմ առաջնության առաջին խաղերը եւ հետո կտեսնեմ, թե որ թիմի խաղն է տեղավորվում ֆուտբոլի իմ կոնցեպտուալ պատկերացումների մեջ։ Այդ ժամանակ էլ կասեմ, թե որ երկրի հավաքականին եմ երկրպագում։ Իսկ ընդհանրապես, ժամանակին սիրել եմ 1974-1978 թվականների Հոլանդիայի, 82 թվականի Իտալիայի հավաքականների խաղը»,- նշեց Զուրաբյանը՝ ավելացնելով, որ հիմա իրեն դուր են գալիս Իսպանիայի առաջնության խաղերը՝ հատկապես «Բարսելոնայի»:
ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հացերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ ասաց, որ ոչ մի հավաքականի չի երկրպագում, պարզապես սիրում է լավ ֆուտբոլ դիտել։




























