ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Քաթարի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ Մեղաիսիբիին (նստավայրը` Թեհրան):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, Ա. Գեւորգյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Քաթարի հետ հարաբերությունների խորացմամբ եւ կարեւորել է միջկառավարական հանձնաժողովի դերն այդ հարցում: Ա. Գեւորգյանն անդրադարձել է Քաթար կատարած իր վերջին այցելությանը` այն համարելով արդյունավետ եւ նշելով, որ Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանիի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ծրագրված` տարածաշրջանային նշանակության խոշոր նախագծերին քաթարական կողմի մասնակցության, ինչպես նաեւ մինչեւ տարեվերջ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացման հետ կապված հարցեր: 

Դեսպանն իր հերթին նկատել է, որ Քաթարը Հայաստանում ներդրումներ կատարելու մեծ հնարավորություններ ունի, իսկ ներդրումների ներգրավման տեսակետից Հայաստանը հետաքրքիր եւ գրավիչ է համարել: Նա կարեւորել է հայկական կողմից այդ նպատակով գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաեւ նշել  իր երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու, Հայաստանի հետ ուղիղ օդային կապ հաստատելու անհրաժեշտության մասին:

Քննարկվել են նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման հետ կապված հարցեր: Դեսպանն առաջարկել է այն անցկացնել Դոհայում: